Ինչպես հայտնի է, վարչապետի աղմկահարույց հայտարարությունը Իսկանդերի մասին, տակնուվրա արեց Հայաստանի քաղաքական դաշտը և ոչ միայն։ Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը «զարմացած է, թե պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը իսկանդերը ինչու չի կրակել»։
«Իսկ գուցե պատասխանեն, թե ինչու կրակած իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ասել էր վարչապետը։
Այս հայտարարությունից հետո, լրատվականներից մեկի հետ զրույցում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը ծիծաղել էր վարչապետի արտահայտած մտքի վրա և ասել, որ այդպիսի բան հնարավոր չի։ այս ամենին հետևեց Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը, Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով և վարչապետի հրամանագիրը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։
Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է և իր կողմնակիցներին հավաքեց Հանրապետության հրապարակում, որ կասեցնեն այդ փորձը։
Այսօր, արդեն, «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում վարչապետի այդ պնդմանը հակադրվել է է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Նա մասնավորապես ասել է․ «Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավար, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:
Նիկոլ Փաշինյանի էգոիզմը հաշվի առնելով, կարելի է սպասել, որ մոտակա ժամերին Արա Այվազյանը նույնպես կազատվի աշխատանքից։ Իսկ եթե Փաշինյանի կողմից ոչ ադեկվատ արձագանք չլինի, ապա կարելի է ենթադրել, որ նախարարը փորձում է կրկին Փաշինյանի հետևից մաքրել դիվանագիտական աղբը: Ի վերջո, ռազմական հեղաշրջման փորձի մասին հայտարարությունը էական վնաս է հասցրել Հայաստանի ժողովրդավարական վարկանիշին: Նման հայտարարությունը կարող է նաև ազդել, առանց այն էլ չեղած ներդրումային միջավայրի վրա: Այս տեսանկյունից Արա Այվազյանի հայտարարությունը կարող է համաձանեցված, անգամ պատվիրված լինել Փաշինյանի կողմից:



