ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:
Պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի ապօրինի հատումների դեպքեր: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք, այսինքն հայտնաբերման ցուցանիշն ավելացել է ավելի քան 32%-ով: Այս մասին նշվում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Արձանագրված դեպքերից 217-ով հարուցվել են քրեական գործեր: Վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 68 անձ: 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը եղել է 108, իսկ վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 38 անձ: Համեմատությունը փաստում է, որ 2018թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, հարուցված քրեական գործերի քանակը կրկնապատկվել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է մոտ 79 տոկոսով: Եթե 2017թ. ապօրինի ծառահատում կատարելու համար 34 անձ է դատի տրվել, ապա 2018թ. նրանց թիվը կազմել է 38:
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի նշանակալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել այս հանցատեսակի նախականխման, կանխման, բացահայտված դեպքերով քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված և սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում:



