
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Սերժ Սարգսյանը և նրա փեսան՝ Միքայել Մինասյանը ներգրավված են որպես մեղադրյալ. «Սերժ Սարգսյանը, փեսան՝ Միքայել Մինասյանը, մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։ Քրեական գործեր են հարուցվել, ընթացքի մեջ են։ Հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ»,-նշել էր վարչապետը։
Իրավապահները, սակայն հերքում են վարչապետ Փաշինյանի հայտարարությունները․«Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը մեզ մոտ քննվող գործերով մեղադրյալ չեն։ Մեր գործերով միայն Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանն է որպես մեղադրյալ անցնում»,- ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման հայտնեցին ՀՔԾ-ից։
Պետք է նկատել, որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի քննությունը վերապահված է ՀՔԾ-ին։ ԱԱԾ-ն եւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի տարածել ՀՀ երրորդ նախագահի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ստացվում է վարչապետ Փաշինյանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել կամ ԱՄՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը հրահանգ էր իրավապահ կառույցներին, որ նշված գործիչների նկատմամբ պետք է գործ հարուցել։