
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։
Շուրջ 160 կմ երկարությամբ մրցուղին անցել է Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։
Առաջնությանը մասնակցել է շուրջ 70 հեծանվորդ, որոնցից 51-ը՝ մրցակցային սկզբունքով: 2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի լավագույն 5-յակում տեղ գտած մասնակիցների համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ: Կանանց և տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ:
Գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Տղամարդկանց մրցապայքար
- 1-ին տեղ – Վալերի Սոլովյով (4 ժ. 47 ր.)
- 2-րդ տեղ – Արտյոմ Ֆատխուտդինով (5 ժ. 9 ր.)
- 3-րդ տեղ – Դավիթ Դալլաքյան (5 ժ. 10 ր.)
- 4-րդ տեղ – Արմեն Գևորգյան (5 ժ. 20 ր.)
- 5-րդ տեղ – Խաչիկ Սահակյան (5 ժ. 41 ր.)
Կանանց մրցապայքար
- 1-ին տեղ – Լիլիթ Հարությունյան (7 ժ. 20 ր.)
- 2-րդ տեղ – Լիդիա Կլիմենկո (7 ժ. 56 ր.)
- 3-րդ տեղ – Նատալիա Պոմելովա (7 ժ. 58 ր.)
Առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել ամենամյա ձևաչափով, նպատակ ունի խթանելու սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում: Կազմակերպիչների դիտարկմամբ՝ մրցաշարը կնպաստի առաջիկա տարիներին Հայաստանը հեծանվասպորտի սիրահարների այցելության մշտական ուղղություն դարձնելուն։
Միջոցառման շրջանակում Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր՝ համայնքում հեծանվային սպորտի զարգացման, այլընտրանքային փոխադրամիջոցների տարածման, առողջ ապրելակերպի մասսայականացման, «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) ամենամյա սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնության և զբոսաշրջային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: