![Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հա...](/imgs/posts/medium/2025/02/4219a23.png)
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, Պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է իրավասու մարմնի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է նաև որոշումների կայացման գործընթացում շահագրգիռ սուբյեկտների մասնակցությունը։ Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այդ համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր պատրաստակամությունը խնդրի լուծմանը ՄԻՊ լիազորությունների շրջանակում շարունակաբար նպաստելու տեսանկյունից։