Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի ամեն պնդում...

Երեկ բոլոր եկեղեցիներում հիշատակի, կամ հոգեհանգստյան արարողություն էր։ Էջմիածնում ներկա էին արարողությանը նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Առաքելական եկեղեցու հավատացյալները կփաստեն, որ ընդունված օրենք է Առաքելական եկեղեցում, որ կրոնական արարողությունների ժամանակ, խորանի առաջ, կապ չունի եկեղեցում կամ բացօթյա, կինը պետք է լինի գլխաշորով։ Սակայն Աննա Հակոբյանը գլխաբաց էր։ Այլ կերպ ասած՝ անտեսվել էր եկեղեցական օրենքը։ Կամ նրան Մայր Աթոռից չէին զգուշացրել, որ գլուխը ծածկի, կամ զգուշացրել էին, սակայն Էրատո թագուհու անվան ջոկատի հրամանատար, եւ համատեղության կարգով նաեւ՝ վարչապետի կին Աննա Հակոբյանը, համարելով, որ իրեն ոչ ոք ոչինչ զգուշացնելու իրավունք չունի, անտեսել էր դա։ Բացի այդ, թե Նիկոլ Փաշնյանը եւ թե Աննա Հակոբյանը բժշկական դիմակներ չէին կրում, իսկ մյուսները մեծ մասամբ՝ դիմակներով էին։ Փաստորեն նրանց համար․ Հանրապետությունում եւ աշխարհում ահագնացող թափով շարունակվող կորոնավիրուսային համավարակի այս բռնկումը նույնիսկ, որ ամեն օր բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլում եւ նորանոր վարակումների պատճառ դառնում, ոչ մի բան է, եւ նրանք իրենց վեր են դասում նաեւ այս տարրական բժշկա-սանիտարական հարցում։

Ի դեպ, հենց նրանք էին, որ գրեթե մեկ տարի շարունակ ակտիվորեն զբաղված էին դիմակ կրելու քարոզչությամբ։ Հենց նրանք էին, որ դիմակ չկրելու համար մարդկանց բերման ենթարկելու, տուգանելու եւ այլ նամանտիպ հրամաններ էին արձակել իրավապահներին։

Ստացվում է, որ նույնիսկ դա է նրանց համար եղել կեղծ, եւ չեն հավատում նրան, ինչի քարոզչությամբ զբաղվել են ամիսներ շարունակ։