
Թուրքիան մտադիր է մասամբ ֆինանսավորել նավերի կառուցումը՝ Ասիայի երկրներին սպառազինությունների վաճառքի միջոցով՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին։ Այս մասին հայտնում է Nikkei Asia պորտալը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
«Թուրքիան հույս ունի մասամբ ֆինանսավորել նավատորմի արդիականացումը բարեկամ և դաշնակից երկրների նկատմամբ վարվող ագրեսիվ արտահանման քաղաքականության միջոցով, քանի որ Հարավչինական ծովի շուրջ վեճերը, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունն ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ խնդիրներ մեծացնում են զենքի պահանջարկը», - պարբերականին ասել է արաբական Միացյալ Էմիրությունների Trends Research & Advisory հետազոտական կենտրոնի փորձագետ Սերհաթ Սյուհա Չուբուկչուօղլուն։
Nikkei Asia-ի տվյալներով՝ Անկարան մտադիր է մոտ 13 միլիարդ դոլար ծախսել ռազմածովային ուժերի արդիականացման վրա, որոշակի գումար էլ կառավարությունը նախատեսում է ստանալ արտահանման միջոցով։ Պորտալը հայտնել է, որ 2025 թվականին Թուրքիան արդեն համաձայնագրեր է ստորագրել Ինդոնեզիայի հետ՝ ֆրեգատներ մատակարարելու վերաբերյալ։ Ավելի վաղ Թուրքիան նավերի մատակարարման համաձայնագրեր է ստորագրել նաև Մալայզիայի, Պակիստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ։ 2027 թվականին նախատեսվում է պարեկային նավերի նոր մատակարարումներ իրականացնել Մալայզիա։
Հրապարակման համաձայն՝ անցյալ տարի Անկարան զենքի արտահանման ծավալներով աշխարհում զբաղեցրել է 11-րդ, իսկ ռազմական ծախսերով՝ 17-րդ տեղը։ Անցյալ տարի հանրապետությունը գրեթե 7,1 միլիարդ դոլարի սպառազինություն է արտահանել։ Ընդ որում, ընթացիկ տարվա բյուջեով կառավարությունը պաշտպանական ծախսերի համար հատկացրել է 1,6 տրլն լիրա (մոտ 38,7 մլրդ դոլար)։