Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոն...

«Հրապարակ» թերթը գրում է.  Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Հայկական կարմիր խաչի ընկերությւնը։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ:

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից: Անհետ կորածների ծնողներից մեկն ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել: