«Ես հարց տվեցի՝ արդյո՞ք դուք զբաղվում եք 90-ակաների անհետ կորածներով, ԱԱԾ տնօրենն ասաց՝ «չեմ խաբի, մենք չենք զբաղվում»։ Վարչապետը որ նոր էր ընտրվել, հարց տվեցի՝ ի՞նչ եք անելու մեր տղաների հարցով, ինքը ասաց՝ իմ ժամանակ չի եղել»։ Ես ոչ մի սպասելիք չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ անդամ Ռիմա Առաքելյանը, որի որդին՝ Շահեն Առաքելյանը, Արաբո ջոկատի կազմում անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմից ի վեր։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպում է անցկացվում: Հանդիպմանը ներկա են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Սարգսյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը և այլ պաշտոնյաներ:
Դահլիճից դուրս երբեմն լսվում էին թեժ քննարկման ձայներ։ Ռիմա Առաքելյանը հարցին, թե ինչո՞ւ էր քննարկումն անցնում այդպիսի թեժ մթնոլորտում, պատասխանեց․ «Դե լարվածութուն կլինի, եթե երեխան չկա, ինչ էլ ասեն՝ ծնողը չի բավարարվում»։