
Աշխատանքային ներգաղթյալների մուտքի ռեժիմի խստացումը հակասում է Ռուսաստանի երկարաժամկետ շահերին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կենտրոնական Ասիայի երկրներից, առաջին հերթին Անդրկովկասից և այլ նախկին հանրապետություններից աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ մեր մոտեցումների ցանկացած խստացում չի նպաստում մեր երկարաժամկետ շահերին։ Այո, իհարկե, պետք է կարգուկանոն պահպանել։ Աշխարհագրական մի շարք ուղղություններով, որտեղից գալիս են ներգաղթյալները, բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, սակայն մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը նրանց վարքագծի նկատմամբ, բայց ոչ արգելքներ դնել, և հատկապես վիզային ռեժիմ չներդնել»,-ըստ РИА Новости-ի՝ ասել է նախարարը։
Լավրովի կարծիքով՝ այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են վերահսկողության խստացմանը, այլ ոչ թե աշխատանքային միգրացիայի համար խոչընդոտներ ստեղծելուն։
Նա վստահություն է հայտնել նման միջոցառումների իրականացման հնարավորության վերաբերյալ՝ առանց արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների հետ հարաբերություններում։ ըստ նախարարի՝ դեսպանների հետ վերոնշյալ հանդիպումները ցույց տվեցին այս իրավիճակի ըմբռնումը։
Լավրովը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության ստեղծման հիմնական փաստաթղթերը վկայում են, որ միության անդամ բոլոր երկրների քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն։
«Բայց, հավանաբար, դա հիմա պետք է հստակեցվի, և ներգաղթյալների ժամանումը պետք է վերահսկվի, և պատկան մարմինները պետք է հասկանան, թե որտեղ են աշխատանքի եկած այս մարդիկ, ով է նրանց աշխատանքով ապահովում և համապատասխանաբար պատասխանատվություն է կրում օրենքների պահպանման համար»,- հավելել է նախարարը։
Լավրովը համոզմունք է հայտնել, որ լուծում կգտնվի, և դա Ռուսաստանի դաշնակիցների հետ հարաբերություններում որևէ խոչընդոտ չի ստեղծի։