ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներն ու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
ԱԺ հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը և ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Զաբելլա Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Խավիեր Կոլոմինային ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը: Անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրիչ գործողությունների։
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին արձագանքելու համար՝ կարեւորելով միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ներկայացնելով այցի նպատակը, նշել է, որ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը: Հայկական կողմը եւս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին: Խավիեր Կոլոմինան նշել է ԵՄ դիտորդական նոր առաքելության կարեւորությունը։
Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորություններին։



