
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում արդեն երեքուկես տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, հստակ ժամկետով՝ սկզբում 6 ամիս, այնուհետեւ եւս 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները եւ ներկայացնել եզրափակիչ զեկույցը։ Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլեւս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար եւ անգամ ճնշումներ գործադրել Ազգային ժողովի աշխատակազմի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընդհարվել՝ պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել Կանոնակարգ օրենքը եւ շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։
Չնայած դրան՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ զեկույցում առկա են նաեւ «գաղտնի» հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք։ Նա նույնիսկ վստահեցնում է, թե հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։
Այս ամենը, սակայն, առավելապես հիշեցնում է քաղաքական շահարկում, քան իրավաչափ գործընթաց»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: