Անանուն գրառումներ և տեղեկատվություն տարածելը...

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե համացանցում մանիպուլյացիաներ անողները պետք է կոշտ հակահարված ստանան: Հարցին՝ արդյո՞ք այս հայտարարության հասցեատերն ԱԱԾ տնօրենն էր, Զեյնալյանը պատասխանեց.

«Հասցեատերը ոչ միայն ԱԱԾ տնօրենն էր, նաև քաղաքացիները, անձինք, որ չչարաշահեն խոսքի ազատության իրավունքը: Խնդիրն այստեղ կեղծ լուրերը չեն, այլ՝ եթե կան նրանց արարքներում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, այդ համատեքստում է ասված»:

Զեյնալյանը շեշտեց՝ անանուն գրառումներ և տեղեկատվություն տարածելը մի բան է, դրանով խաթարել ազգային անվտանգությունը կամ մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորել՝ մեկ այլ բան: Նա ասաց՝ պատիվն ու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմքն են, ինչը պակաս արժեք չէ: