Ամստերդամի եզրույթը ՀՀ-ն գրոհելու մասին, կարծ...

Ես իսկապես հարց ունեմ, հունիսի 17–ին երկրի ղեկավարի ֆեյսբուքյան գրառումները, օրինակ, զննվե՞լ են քննչական մարմնի կողմից, իրենց հետաքրքիր չէ՞, ինչի համար է գործադիր իշխանության ղեկավարը միջամտել եզրույթը օգտագործում, ինչի համար է գործադիր իշխանության ղեկավարը Սամվել Կարապետյանի մասին խոսում, ավելին՝ ցուցումներ տալիս իրավապահներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ իրենք որպես պաշտպանական թիմ, հնարավո՞ր է՝ միջնորդեն, որ Նիկոլ Փաշինյանը դատարանում հարցաքննվի, նա պատասխանեց. «Եկեք որևէ մի գործողություն չբացառենք այս փուլում, բայց ես առնվազն գիտեմ մի բան, որ այս քրեական վարույթի ամբողջ հարցերը, պատասխանները, ակունքը, առիթը, հենց հունիսի 17-ի այդ մի քանի ֆեյսբուքյան գրառումների մեջ են, որը ի դեպ, մեղմ ասած զարմանալի է և շոկային է բոլորի համար։

Զարմանալի է, որ հանրապետության ղեկավարը նման ձևով գրառումներ է կատարում և մի հատ էլ ցուցումներ է տալիս, հաշվեհարդարի խոստում է տալիս, որը տեսել ենք, թե ինչպես է 120 օր կատարյալ կերպով իրացվում»։

Անդրադառնալով նրան, որ երեկ ասուլիսում Կարեն Կարապետյանի պաշտպան Ամստերդամը հայտարարել էր, որ մենք ամեն օր կգրոհենք Փաշինյանին և Հայաստանին մինչև Սամվել Կարապետյանի ազատ արձակվելը, և սա շատերի կողմից ընդունվեց որպես կոչ, Արամ Վարդևանյանն ասաց. «Կարծում եմ՝ Ամստերդամի ելույթները հասանելի են, օրինակ, YouTube-ում, օրինակ, իր հարցազրույցը Տակեր Կարլսոնի հետ։ Այնտեղ ևս բավականին սուր հռետորաբանություն է օգտագործում, բայց վստահ եղեք, համոզված եղեք, Հայաստանի Հանրապետությունը գրոհելու կամ նման եզրույթները... ես նույնիսկ կարծում եմ, միգուցե թարգմանության խնդիր էլ է եղել։ Որովհետև Ամստերդամի հետ խոսելու ընթացքում կարող եմ ասել, վերջինս չափազանց տպավորված է Հայաստանի Հանրապետության թե բնակիչներով, թե Հայաստանի Հանրապետությունով։ Այլ հարց, որ բնավ տպավորված չէ քաղաքական հետապնդումներով, սա այլ պատմություն է, բայց այդպիսի ձևակերպումների տեսանկյունից կարծում եմ դա որոշակի առումով կիսաճշմարտություն է նման կերպ մեկնաբանելը։ Հավատացած եղեք եթե հենց ուղիղ նման ձևակերպում լիներ առաջին նախատողները կամ քննադատողները կամ դրա վերաբերյալ գնահատական տվողները լինելու ենք մենք, որովհետև ես և իմ գործընկերները որևէ մի պահ երևի թե տեղիք չենք տվել մեր վերաբերմունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։