ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է այն բանից հետո, երբ կողմերը փոխանակեցին գերիներին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք ողջունում ենք գերության մեջ գտնվող հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը, որը տեղի է ունեցել այսօր ավելի վաղ, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը և հավելել. «Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան»։
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Երևանի և Բաքվի հետ աշխատել այս ուղղությամբ։
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են տարբեր ժամանակներում կալանավորված զինվորականներին։



