ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել 18 F-35A Li...

ԱՄՆ-ն փետրվարի 16-ին Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A Lightning II հինգերորդ սերնդի «ստելս» կործանիչ՝ ավիացիոն խմբավորումներն ուժեղացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Itamilradar հարթակը, որը հետևում է ռազմական ինքնաթիռների և ռազմանավերի տեղաշարժերին։

Ամերիկյան կործանիչները թռել են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայից։ Նրանց թռիչքը Մերձավոր Արևելք ապահովել են KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։

Ինչպես նշում է հարթակը, սա ամերիկյան մարտական ​​ավիացիայի միաժամանակյա խոշորագույն տեղափոխումներից մեկն է տարածաշրջան, և դրա մասշտաբը վկայում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներուժի կտրուկ աճի մասին՝ Իրանի հետ հարաբերությունների աճող լարվածության ֆոնին։

Նոր ժամանած կործանիչները միացել են տասներկու F-35A կործանիչներին, որոնք փետրվարի սկզբին ԱՄՆ-ից տեղափոխվել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազա։

Նոր ինքնաթիռների ժամանմամբ՝ ԱՄՆ-ն այժմ Մերձավոր Արևելքում արդեն ունի երեսուն F-35A կործանիչ, F-15E Strike Eagle կործանիչների երկու էսկադրիլիա (24 ինքնաթիռ) և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիա (12 ինքնաթիռ): Տարածաշրջանի բազաներում ամերիկյան մարտական ​​ինքնաթիռների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 66 միավորի։

Բացի այդ, «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա, որը գտնվում է Իրանին մերձակա Արաբական ծովում, բազավորվում է F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա և F/A-18E/F Super Hornets կործանիչների երեք էսկադրիլիա: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է մոտավորապես 12 ինքնաթիռից: