ԱՄՆ-ում վերլուծաբանները դժգոհ են․ Ղարաբաղյան...

Խաղաղապահների տեսքով ռուսական զորքի մուտքը Լեռնային Ղարաբաղ, կարելի է ասել, որ բավական անհանգստացրել է Միացյալ Նահանգներին։ Այստեղ կարծում են, որ ամերիկյան դիվանագետներն ու հատուկ ծառայությունները բավարար աչալրջություն չեն ցուցաբերել հակամարտության հետ կապված հարցերում, ինչի արդյունքում էլ այժմ ստիպված են կանգնել մի փաստի առաջ, երբ Հարավային Կովկասում ուժեղանում են Ռուսաստանի դիրքերը։ Ամենայն հավանականությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտում չեն կարողացել իմանալ, որ սպասվում է հակամարտության թեժացում, հակառակ պարագայում, անհասկանալի է, թե ինչու էր Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը շարունակում թույլատրել, որ Ադրբեջանին ռազմական օգնությունը հատկացվի, հիմք ընդունելով այն հավաստիացումը Բաքվից, որ Ադրբեջանը պարտավորվում է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Ամերիկացի վերլուծաբանների համար հարց է՝ ով է ստել ամերիկյան հասարակությանը, ամերիկյան հարկատուներին՝ Բիգանը, Պետդեպարտամենտը, թե Ադրբեջանը։ Չէ որ մարտական գործողությունների վերսկսմամբ, ԱՄՆ-ն հայտնվել է անակնկալի եկածի դերում։ Ընդ որում, ամերիկյան դիվանագիտությունը միթե տեղյակ չի եղել, որ Բաքուն իր ռազմական գործողությունները համաձայնեցնում է ՆԱՏՕ-ի ուղղությամբ ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հետ։ Բացի այդ, ամերիկյան կողմի համար հատկապես «ցավոտ» է այն, որ Ռուսաստանը կարողացավ հասնել այն բանին, որ իր խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում՝ ուղիղ Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնեցնելով, շրջանցելով ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները, որտեղ համանախագահում են Մոսկվայի հետ մեկտեղ՝ նաեւ Փարիզն ու Վաշինգտոնը։ Եվ վերջապես, ամերիկացիների վերլուծաբանների համար անհասկանալի է, թե ուր են նայել հատուկ ծառայությունները եւ դիվանագետները, եւ աչքաթող արել Պուտինի եւ Էրդողանի՝ Ղարաբաղյան մասով բանակցությունները կամ պայմանավորվածությունները։