Միացյալ Նահանգները ավելի քան 230 տարի հետո դադարեցնում է 1 ցենտի (գործածական անվանումը՝ փենի) մետաղադրամների թողարկումները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ որոշման պատճառն այն է, որ այս մետաղադրամն այսօր այլևս գործնականում չի կիրառվում, իսկ դրա հատումը թանկ է նստում հարկատուների վրա։
AP լրատվական գործակալությունը նշում է, որ երբ առաջին անգամ 1793 թվականին այն սկսեց թողարկվել, 1 ցենտով հնարավոր էր գնել թխվածքաբլիթ, մոմ կամ քաղցրավենիք։ Մինչդեռ հիմա փենին այնքան փոքր դրամական միավոր է, որ գործնականում գրեթե չի կիրառվում։ Մինչդեռ դրանցից յուրաքանչյուրի հատումն արժենում է 4 ցենտ։
Միլիարդավոր փենիներ այսօր դեռևս շրջանառության մեջ են և կշարունակեն մնալ օրինական վճարամիջոց, բայց նորերը այլևս չեն թողարկվի։
ԱՄՆ գանձապետարանի գանձապետ Բրենդոն Բիչը, ով նոյեմբերի 12-ին սեղմել է վերջին փենին թողարկելու կոճակը, հայտարարել է, որ այս որոշման արդյունքում իրենք կխնայեն 56 մլն դոլար։



