
Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի՝ Իսրայելի Քնեսեթում Իրանի դեմ արված «անհիմն, անպատասխանատու և ամոթալի» արտահայտությունները։ Գերատեսչությունն ԱՄՆ-ին որակել է որպես «աշխարհում ահաբեկչության ամենամեծ գեներատոր»։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ-ն բարոյական իրավունք չունի մեղադրելու ուրիշներին՝ հաշվի առնելով «ահաբեկչության, միջամտության և Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ հանցագործություններին մեղսակից լինելու իր երկարատև պատմությունը»։
Մերժելով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի բազմիցս հնչեցրած մեղադրանքները՝ նախարարությունը նշել է, որ նման կեղծիքները չեն կարող արդարացնել «ամերիկյան և սիոնիստական ռեժիմների համատեղ հանցագործությունները» Իրանի ինքնիշխանության և քաղաքացիների դեմ։ Հայտարարության մեջ նշվել է, որ նման գործողություններով պարծենալը միայն «խորացնում է ԱՄՆ կառավարության մեղքը և բացահայտում է նրա թշնամանքի խորությունը իրանական ազգի նկատմամբ»։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ դատապարտում է «ԱՄՆ-ի մեղսակցությունը օկուպացված Պաղեստինում սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությանը և ագրեսիային»՝ պահանջելով, որ Վաշինգտոնը պատասխանատվության ենթարկվի «Իսրայելի ռեժիմը միջազգային արդարադատությունից պաշտպանելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրա դեմ ցանկացած արդյունավետ գործողություն խոչընդոտելու համար»։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ նախագահի՝ խաղաղություն և երկխոսություն փնտրելու պնդումը կտրուկ հակասում է Վաշինգտոնի՝ իրանցի ժողովրդի դեմ ուղղված թշնամական և հանցավոր գործողություններին։
Թրամփը հոկտեմբերի 13-ին Քնեսեթում հայտարարել է, որ Իրանը «մեծ հարված է ստացել» 12-օրյա պատերազմում, բայց հիանալի կլիներ, եթե Իրանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիր կնքվեր։
Թրամփը կրկին հաստատել է, որ այս տարվա սկզբին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են երկրի միջուկային ծրագիրը։ Նա նաև բարձր է գնահատել Իսրայելի գործողությունները, որի հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի գիտնականներ են զոհվել։
Թրամփը նաև նշել է, որ եթե Իսրայելն ու ԱՄՆ-ն չհարձակվեին Իրանի վրա, ապա Գազայի հատվածում խաղաղության համաձայնագիրը չէր կնքվի։
Իրանին պարտված և թուլացած ներկայացնելուն զուգահեռ, Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններին։