
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հոդված է հրապարակել «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամբ, որտեղ համառոտակի անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ ներկայիս իրադրությանը, որ առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում։ Իհարկե, հասկանում ենք, որ հոդվածի հեղինակը դեսպան է, դիվանագետ, եւ հոդվածում ամեն մի բառը կշռադատված է եւ հղկված։
Հոդվածի փաստը եւ դրա տոնայնությունն ու տողարանքները գալիս են ասելու, որ Բայդենի վարչակազմը բավականին ակտիվ է լինելու մեր ռեգիոնում։ Հատկապես դեսպան Թրեյսիի հոդվածը կարեւոր արժեք է ստանում ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկինի հայտարարության ներքո, ըստ որի, Բայդենի վարչակազմը վերանայելու է Ադրբեջանին ամերիկյան անվտանգության ոլորտի աջակցությունը։ Դեսպան Թրեյսիի հոդվածից հատկապես հետաքրքրական է հետեւյալ հատվածը․ «Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ եւ անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»։ Քանի որ ամեն դեսպան իր երկրի իշխանությունների պաշտոնական կարծիքն է արտահայտում, ապա կարելի է արձանագրել, որ այս պարբերությամբ Միացյալ Նահանգները գծում է իր առաջնահերթությունները Հարավային Կովկասում իր քաղաքականության ընդհանուր սահմանների մեջ։
Սակայն ցանկալի կլիներ, որ օրինակ վայրագությունների մասով դատապարտումը լիներ ավելի հասցեական․ իվերջո՝ անանուն եւ անատամ, անհասցեական նման դատապարտումները նաեւ ազատեցին Բաքվի ձեռքերը։ Իսկ ամենից ինտրիգայինն այն է, որ Միացյալ Նահանգները ըստ էության հայտարարում է, որ իր համար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դրանից բխող բոլոր տեսակի հետեւանքներով, ընդամենը սովորական հրադադար է, մարտերի դադար, եւ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված գլոբալ հարցերը դեռ լուծված չեն։
Ի դեպ, դեմոկրատական բոլոր վարչակազմերը միշտ պայքարել են մարդու իրավունքների համար՝ ընդդեմ բռնապետությունների։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ Պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ է նշանակվել Վիկտորյա Նուլանդը, ումից արդեն հիմա ռուսները բավականին «մրսած» են իրենց պահում, կարելի է ամբողջական կերպով պատկերացնել սպասվող զարգացումները մեր ռեգիոնի բռնապետություններում։