ԱՄՆ-ն պլանավորում է Սիրիայից դուրս բերել բոլոր ամերիկացի զինծառայողներին՝ մոտավորապես 1000 մարդու: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինվորականները Սիրիան կլքեն առաջիկա երկու ամսվա ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան ալ-Հասաքեի նահանգում գտնվող իրենց գլխավոր ալ-Շադադի բազայից։ Օբյեկտը զբաղեցրել է սիրիական բանակը. բազայի նկատմամբ վերահսկողության փոխանցումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի հետ համակարգված։
Նաև անցյալ շաբաթ ամերիկացիները դուրս են եկել Սիրիայի հարավում գտնվող աթ-Թանֆ բազայից։
2025 թ. ապրիլին The New York Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն սկսել է կրճատել Սիրիայում իր զորակազմի թվաքանակը։ Զինվորականները պլանավորում էին փակել երկրի հյուսիս-արևելքում գտնվող ութ բազաներից երեքը՝ զորքերի թիվը 2000-ից կրճատելով մինչև 1400։ Միևնույն ժամանակ, տեղում գտնվող ամերիկյան հրամանատարությունը խորհուրդ է տվել «Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինվորական»։



