ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ քննարկել դիվա...

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ բանակցությունները, որոնք փետրվարի 27-ին Ստամբուլում սկսվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պայմանավորվածությանը համապատասխան, շարունակվելու են։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը «պայմանավորվել են այդ հարցերի շուրջ հերթական հանդիպումն անցկացնել մոտ ժամանակներս. ամսաթիվը, վայրը և մասնակիցների կազմը կորոշվեն ավելի ուշ»։

Ստամբուլում կայացած բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխպետքարտուղարի տեղակալ Սոնաթա Քոուլթերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։

Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում «Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության առնչությամբ, ինչպես նաև հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի կայուն թվաքանակն ապահովելու անհրաժեշտության մասին»:

«Կառուցողական քննարկումների ընթացքում երկու կողմերը որոշել են կոնկրետ նախնական քայլերն այս բնագավառներում՝ երկկողմ ներկայացուցչությունների գործունեությունը կայունացնելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։