ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 405-ն ընդդեմ 11-ի ձայների հարաբերակցությամբ քվեարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին։ Հասկանալի է, որ նման քվեարկությունը ինչպիսի արձագանք կարող էր ստանալ մի կողմից Հայկական աշխարհում՝ Հայաստանում եւ Սփյուռքում, մյուս կողմից՝ Անկարայի եւ նրա դաշնակիցների կողմից։ Ադրբեջանական մամուլն օրինակ, թերեւս ամենակատատրյալ պրիմիտիվությունն է ցուցաբերել, ու այս մասին նյութն հրապարակելիս օգտագործել է Կոնգրեսի «շրջված» նկարը։
Հայաստանում եւ Սփյուռքում պետական ու քաղաքական գործիչներից մինչեւ հայտնի հայեր դեռ գիշերվանից սկսել են անդրադառնալ կատարված քվեարկությանը, այն որակելով պատմական, կարեւոր եւ այլ մակդիրներով։ Իրականում սակայն, ինչպես նկատել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, կատարվածը սոսկ սիմվոլիկ քվեարկություն է եւ բանաձեւը որեւէ իրավական ուժ չունի՝ ստիպելու ենթադրենք, որպեսզի ժամանակակից Թուրքիան ճանաչի 1915-23 թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը որպես ցեղասպանություն։
Մեծ հաշվով, Թուրքիան չի էլ ժխտում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններ, կոտորածներ նույնիսկ եղել են, ու ամեն ապրիլի 24-ին Էրդողանը ցավակցական խոսք է հղում իր երկրի հայկական համայնքին, սակայն հրաժարվում է դրանք որակել ցեղասպանություն, այն համարելով սպառնալիք իր սուվերենիտետի հանդեպ։
Մյուս կողմից, ինչը կրկին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները եւ ոչ միայն նրանք, շատ դիպուկ կերպով ֆիքսել էին, այն է, որ քվեարկությունը տեղի է ունենում թուրք-ամերիկյան հարաբերությունների այսօրվա բավական լարված փուլում, ընդ որում 405-11 ձայների բաշխումը խոսում է այն մասին, որ թուրքական իշխանությունների հանդեպ ԱՄՆ-ում կա դժգոհություն ոչ միայն դեմոկրատների շրջանում, այլ նաեւ հենց հանրապետականների, այսինքն թե ՝ գործող վարչակազմի քաղաքական հենարանի։ Հիշենք, որ օրեր առաջ հենց Թրամփին խորհուրդ էին տվել կրկին ասպարեզ բերել Հայոց Ցեղասպանության հարցը՝ Անկարային պատժելու համար։
Մեծ հաշվով, հերթական անգամ խաղարկվեց Հայկական խաղաթուղթը, Անկարային սանձահարելու համար։ Ընդ որում, չափազանց խորհրդանշական է այն, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւից հետո Ներկայացուցիչների պալատը ընդունել է նաեւ բանաձեւ Թուրքիայի դեմ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ձեռնարկած օպերացիայի պատճառով սանկցիաներ կիրառելու մասին։
Այս ամենի հանրագումարում, խոսել ամերիկյան արդարամտությունից կամ հոգու պարտքից, կամ այլ բարձր ու վեհ գաղափարից, ուղղակի ծիծաղելի է։ Մեղմ ասած, սա ընդամենը «քաղաքական բիզնես» է եւ ոչինչ ավելին։ Եվ բացի այդ, նախընտրական փուլ մտնող ԱՄՆ-ում Հայկական խաղաքարտը քվե շահելու լավագույն խաղաքարտերից է։



