ԱՄՆ-ն, Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը պարտավորվե...

Միացյալ Նահանգները, Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը ողջունել են Գազայի հատվածի շուրջ խաղաղության համաձայնագրի կնքումը և պարտավորվել են համատեղ աշխատել դրա պահպանման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է երկրների համատեղ հռչակագրի տեքստում, որը հոկտեմբերի 13-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Մենք ողջունում ենք Գազայի հատվածում համապարփակ և կայուն խաղաղության շուրջ համաձայնությունների ձեռքբերման  առաջընթացը, ինչպես նաև Իսրայելի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները տարածաշրջանի իր հարևանների հետ։ Մենք պարտավորվում ենք համատեղ աշխատել այդ ժառանգության իրականացման և պահպանման համար՝ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր, որոնց վրա ապագա սերունդները կարող են միասին բարգավաճել խաղաղության պայմաններում», - նշվում է փաստաթղթում։

Հռչակագրում նաև նշվում է ձգտումը տարածաշրջանում բոլորի համար հանդուրժողականության և հավասար հնարավորությունների նկատմամբ, որպեսզի Մերձավոր Արևելքը լինի մի վայր, «որտեղ յուրաքանչյուրը կարող է իրականացնել իր ձգտումները խաղաղության, անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում՝ անկախ ռասայից, կրոնից կամ էթնիկ պատկանելությունից»։

Միացյալ Նահանգները, Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը կարծում են, որ Մերձավոր Արևելքում հետագա տարաձայնություններն անհրաժեշտ է կարգավորել  բացառապես դիվանագիտական ​​միջոցներով։

Հռչակագրում նշում է, որ ստորագրող պետությունները «կողմնակից են լուծելու ապագա վեճերը դիվանագիտական ​​​​փոխգործակցության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառման կամ երկարատև հակամարտությունների հաշվին»։

Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, որը գումարվել էր Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր ողջ մնացած 20 իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ: Նիստի  ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթ պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ: 

Ինչպես հաղորդել է աս-Սիսիի գրասենյակը, գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել իրականացնել Գազայի հատվածում հակամարտության լուծման՝ Թրամփի պլանի հաջորդ փուլերը, ներառյալ կառավարման, ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքական կարգավորման հարցերը: