ԱՄՆ-ն կարեւոր ներդում է կատարում Հայաստանի ապ...

Ամերիկյան Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստվում է 5 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին՝ երիտասարդության հետ աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես, նրանց շրջանում դեմոկրատական սկզբունքների եւ պրակտիկայի առաջ մղման համար։ Սա ինչ խոսք, բավական հետաքրքիր մտադրություն է, կամ նախաձեռնություն, քանի որ ամերիկյան կողմը, նախ մի կողմից գտնում է, որ երիտասարդությունը վերջին տարիներին սկսել է ավելի ակտիվորեն մասնակցել Հայաստանի ներքին կյանքին, ներառյալ քաղաքական գործընթացներին, ինչի ապացույցը 2018 թվականի իշխանափոխությունն էր, բայց եւ մյուս կողմից նկատում է, որ հասարակությունը եւ երիտասարդությունն էլ այդ շարքում այժմ կարող է մասնակցություն ունենալ պետության կյանքին միայն կամ քվեարկություններին մասնակցությամբ, կամ հանրայնորեն իշխանությանը քննադատելով, կամ էլ անհնազանդությամբ։ Սրանից, ամերիկյան կողմը բխեցնում է, որ առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանում հասարակությունն իրազեկվի այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնք օգտնությամբ հնարավոր է արտահայտել հայացքները կամ դժգոհությունը։ USAID-ն նշում է, որ իր նոր նախաձեռնությունը միտված է այն բանին, որպեսզի Հայաստանի երիտասարդությանը ներգրավի կոլեկտիվ գործողություններում հանուն այն բանի, որ նրանք ազդեն պետական քաղաքականության վրա եւ կառավարությանը պատասխանատվության կոչեն։ Սա ինչ խոսք շատ հետաքրքիր է, քանի որ եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա Միացյալ Նահանգները քաղաքական կապիտալ է ուզում կուտակել Հայաստանում՝ երկարաժամկետ ներդրում կատարելով երկրի ապագայի մեջ՝ այն է՝ երիտասարդության։ Սա արդեն կարեւոր քայլ է, քանի որ ըստ էության բերելու է հայաստանյան երիտասարդության մեջ մտածողության փոփոխության, աշխարհայացային եւ աշխարհընկալման, գուցե նաեւ՝ կենսափիլիսոփայության փոփոխության, ինչը ի վերջո արտահայտվելու է գեոպոլիտիկ վեկտորի դանդաղ բայց հաստատուն փոփոխության։