Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև ասվում է, որ 16 ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։
Նշվում է, որ սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքը դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր առցանց ծրագրեր և դասընթացներ։
«Մենք շատ ոգևորված ենք, որ առիթ ունենք ականատեսը լինելու կամավորների պատմական վերադարձին Հայաստան: Ես գիտեմ, որ կամավորները կծառայեն մեծ խանդավառությամբ ու եռանդով, և վստահ եմ, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև համագործակցության նոր հնարավորություններ և ամուր բարեկամություն կհաստատվի»,-ասել է Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։
Ըստ Հայաստանի կառավարության հետ ունեցած համաձայնության՝ կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և հասարակական կազմակերպություններում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կօգնեն անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին բարելավել անգլերենի հմտությունները, ինչպես նաև կաշխատեն երիտասարդների հետ՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ի նպաստ Հայաստանի համայնքների զարգացման։
Խաղաղության կորպուսը ամերիկացի կամավորներից, հյուրընկալող երկրի գործընկերներից, Խաղաղության կորպուսի անձնակազմից և համայնքի անդամներից բաղկացած ծառայության միջազգային ցանց է, որի առաքելությունն աշխարհում խաղաղության ու բարեկամության ամրապնդումն է։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ Խաղաղության կորպուսի կամավորները աշխատում են համայնքի անդամների կողքին՝ օգնելով նրանց իրականացնել տեղական առաջնահերթություն ունեցող ծրագրեր։
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։
Հայաստանում ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1,100 կամավոր։