ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր...

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում և հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը: 

Այս մասին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Սթիվեն Ուիթքոֆին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար: Այս բանակցությունները նոր թափ են ստանում, և այժմ նույնիսկ քիչ հավանականը դառնում է հնարավոր»,- նշել է Օմանի ԱԳ նախարարը։ 

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի հարթակում  կատարած գրառման մեջ նշել է, որ Իտալիայում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում համեմատաբար դրական մթնոլորտն առաջընթաց է գրանցել հնարավոր համաձայնագրի սկզբունքների շուրջ։ 

«Հռոմում համեմատաբար դրական մթնոլորտը հնարավորություն է տվել առաջընթացի հասնել հնարավոր գործարքի սկզբունքների և նպատակների շուրջ»,-նշել է Արաղչին:

«Առայժմ լավատեսությունը կարող է արդարացված լինել, բայց միայն մեծ զգուշությամբ», - նշել է նա: 

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ Իտալիայի մայրաքաղաքում անցկացված անուղղակի բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։

Երկու կողմերի պատվիրակությունները՝ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի գլխավորությամբ բանակցություններ են վարել Հռոմում Օմանի դեսպանի նստավայրում։

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցություններ սկսել Օմանում ապրիլի 23-ին: