Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ավելի վաղ՝ մեկ այլ գրառմամբ հաղորդել է, որ բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։



