ԱՄՆ դեսպանը՝ Սպիտակի ԲԿ-ում. 255 հազար դոլար...

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով։ Այս մասին տեղեկանում է ԱՄՆ դեսպանատնից:

«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», - ասաց դեսպան Թրեյսին:

Այս միջոցառմանը մասնակցելուց զատ, դեսպան Թրեյսին նաև հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Դեսպանի այցի մասին ավելին իմանալու համար հետևեք մեր էջերին Facebook-ում, Instagram-ում և Twitterում։ 

Դեսպանի մարզային այցերի մասին ավելին իմանալու համար հետևե՛ք Facebook -ի, Instagram -ի և Twitter -ի մեր էջերին։