«Ալյանս» կուսակցությունը ընդդիմադիր «17 կուսա...

Նոյեմբերի 5-ին մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով ՌԴ գործընկերներիս հետ բոլոր հնարավոր ջանքերով աջակցել պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ալյանս» կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ես, ոչ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր «17 կուսակցությունների» միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու։

Ցանկանում եմ նշել, որ այս փուլում, հատկապես ռազմական դրության առկայության պայմաններում, նման գործողությունների ձևաչափը պետք է համաձայնեցված լիներ։ Առկա իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար: Ուստի կոչ եմ անում այս օրհասական պահին անկախ քաղաքական տարաձայնություններից համախմբվել սահմանադրականության, ու կայունության, գաղափարիներով՝ թույլ չտալու պետականության խարխլում։ Պատերազմական գործողությունների դադարեցումն այս պահին անայլընտրանք է։ Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրս բերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք։ Միանշանակ է, որ տեղի ունեցածը ողբերգություն է, և այդ իրադրությունը պետք է ժամանակի հետ փոխել, բայց կարող էր լինել այնպիսի ողբերգություն, որի հետևանքն անդառնալի կլիներ։

Ելնելով վերոգրյալից՝ հարկավոր չէ «Ալյանս» կուսակցությունն այլևս դիտարկել 17 կուսակցությունների գործողությունների տրամաբանության մեջ»,- գրել է Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ-ում գործող 17 կուսակցություններ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես ասվում էր․

«Սիրելի´ հայրենակիցներ

Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը»։

Արդեն երկու օր է, Ազատության հրապարակում, ԱԺ շենքի դիմաց և այլուր տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։