
Նիկոլ Փաշինյանն այդքան ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան, բայց այ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է։ Այս մասին ԱԺ-ում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Սադրելը ո՞րն է, երբ ընդդիմադիր պատգամավորը կոնկրետ հարց է բարձրացնում, որն ակնկալում է կոնկրետ պատասխան և այդ պատասխանը չի լինում ու դրա փոխարեն լինում են ներվային, հիստերիկ շարժումներ, որակումներ, սպառնալիքներ»,-նշեց նա։
Քոչարյանը խոսեց Փաշինյանի մեկ այլ հայտարարության մասին: «Ասում է՝ մարդկանց հետ հանդիպումների ընթացքում հարցնում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ: Բա գիտե՞ք մեզ հետ հանդիպումների ընթացքում մարդիկ ի՞նչ են ասում: Հարցնում են՝ ինչո՞ւ են դեռ այդ անհայրենիք դավաճաններն իշխանության»,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով Փաշինյանի՝ նախկին նախագահների բանավեճի հրավիրելու թեմային, Քոչարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել։
Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք ինչ-որ մեկն ասում է՝ «լուսնի վրա կյանք կա, ա՛յ գիտնականներ, աստղաֆիզիկներ, եկե՛ք բանավիճենք դրա շուրջ, նրանք կասեն՝ հո դու հիմա՞ր չես, ու ինքն ասի՝ այ տեսաք, նրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի»։