Ալեն Սիմոնյանը՝ 10 մլն դրամով արագացված զինծա...

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի առաջարկին՝ 10 մլն դրամ վճարելով՝ արագացված մեկամսյա զինվորական ծառայություն անցնել: Սիմոնյանը հաստատեց, որ նախագիծն իրենց ներկայացնելուց առաջ է հանրայնացվել:

«Ես ողջունում եմ, որ նախ և առաջ հասկանանք հանրային տրամադրությունները: Այն, որ պետք է ունենանք արհեստավարժ Զինված ուժեր, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Այն, որ ցանկալի է, որ սահմանագիծը պահեն ոչ թե նորակոչիկները՝ 18-19 տարեկան երիտասարդները, այլ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, նույնպես որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, և փաստը, որ որոշ մարդիկ դրա պատճառով լքում են Հայաստանը, նույնպես որպես խնդիր առկա է, ուստի պետք է լուծում տանք»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ երբ որևէ մեկը լուծում է տալիս խնդրին, ասում են՝ ճիշտ չէ, սակայն չեն շտկում, նոր բան չեն առաջարկում, նշանակում է՝ որևէ բան չեն անում, իսկ դա սխալ է: