
Օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությանը նախագահ Նարեկ Սամսոնյանը BMW X6 է վարում և կասկած էր հայտնել, թե որտեղից նրան նման շքեղ մեքենա, երբ պաշտոնապես եկամուտներ չունի։
Անդրադառնալով հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանի այս հայտարարությանը Նարեկ Սամսոնյանը politik.am-ի հետ զրույցում ասել էր․«Դանիել Իոաննիսյանը ստում է հերթական անգամ։ Ես լուրջ չեմ վերաբերվում և չեմ ցանկանում անդրադառանալ այդ ստին։ Ես միայն ասեմ, որ իմ ուղիղ եթերի ժամանակ էլ եմ ասել, որ ես X6 չունեմ, ես վարում եմ X5, որը ինքս չեմ գնել։ Ես վաղն էլ կարող եմ վարել Մերսեդես կամ BMW X7 մակնիշի մեքենա»։
Դանիել Իոաննիսյանը ի պատասխան Նարեկ Սամսոնյանի՝ politik.am-ի հետ զրույցում ասաց․«X5, X6 ինչ տարբերություն, ավելի լավ է թող հարկերը վճարի։ Դրանից հետո թող հայտարարի, թե որտեղից իր ֆինանսական մուտքերը և միայն դրանից հետո մեծ մեծ խոսա։ Մի օր եթե մերոնք, կամ իրավապահները երիտասարդով զբաղվեն՝ վայանսունը դնելու է։ Ակնհայտ է, որ նա մեղմ ասած խնդիրներ ունի հարկերը վճարելու և ֆինանսական թափանցիկության մասով»,-ասաց Դանիել Իոաննիսյանը և ավելացրեց, որ Սամսոնյանը հայտարարելով, թե ինքը չի գնել մեքենան նմանվում է նախկին իշխանության այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց այս կամ այն ունեցածը կապում էին այլ մարդկանց հետ։