2023 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզում տեղակայված Ախպրաձորի զորամասում վիճաբանություն ծեծկռտուք և կրակոցներ են հնչել։ Գլխավոր դերում եղել է զորամասի հրամանատար փոխգնդապետ Հայկ Ասրյանը, ով աշխատասենյակում ծեծի էր ենթարկել իր ենթակա սպաններից մեկին՝ լետենանտ Գուրգեն Ճաղարյանին։ Այս մասին գրում է Armlur.am-ը:
Պատճառն այն է եղել, որ սպան՝ Ճաղարյանը թմրանյութ էր առաջարկել և օգտագործել է ենթակա ժամկետային զինվորի հետ։ Այս մասին տեղեկացրել էին զորամասի հրամանատարին։ Իսկ հրամանատար Ասրյանը փորձել էր այդ հարցի լուծումը տալ իր աշխատասենյակում, որն էլ վերածվել էր ծեծկռտուքի:
Արդյունքում, Ասրյանը իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել սպային, որին հաջորդել էր Ճաղարյանի և ընկերների այցը ուշ ժամին զորամաս, որպեսզի հրամանատարից վրեժ լուծեն։ Սակայն նորից ծեծկռտուք է տեղի ունեցել և հրամանատար Ասրյանը դիմել էր զենքի գործադրմանը և կրակոցներ արձակել։
Ըստ տեղեկությունների՝ այս դեպքը արդեն 2 տարի քննվում է և որևէ մեկը չի պատժվել։ Ավելին, տեղեկություններ կան, որ հրամանատար Ասրյանին դեպքից հետո ուղարկել են վերապատրաստման, որպեսզի հետագայում նշանակեն ավելի բարձր պաշտոնի, քանի որ նա շատ լավ հարաբերությունների մեջ է ներկայիս ՊՆ ղեկավար կազմի հետ։
Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթով նախաքննություն է ընթանում։



