Վարչապետ Փաշինյանի եղբոր որդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը անում է ամեն բան, որպեսզի իրենց ընտանիքի դիրքերը Տավուշի մարզում ամրանան։ Ժամանակին ֆեոդալականության դեմ խոսող Փաշինյանի ընտանիքի ձգտումները ոչնչով չեն տարբերվում նախկինների ընտանիքների ձգտումներից։ Փաշինյանները ևս ցանկանում են ազդեցիկ լծակներ ունենալ, որպեսզի հաջորդ ընտրություններում կարողանան հանգիստ հաղթանակ ապահովել իրենց համար։
Փաշինյանները փորձում են ՏԻՄ-երում իրենց ազգական, բարեկամններին տեղավորել։ Փաշինյանի իշխանությունն արեց ամեն բան, որպեսզի Իջևանի քաղաքապետը հրաժարական տա։ Նպատակը մեկն էր՝ քաղաքապետ դարձնել Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին։ Փաշինյանի քավորն արդեն Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է, իսկ առաջիկա ընտրություններում իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի նա «ժողովրդի կամքով» դառնա քաղաքապետ։
Բայց Իջևանում վարչապետ Փաշինյանի վարկանիշը բավական նվազել է։ Պատճառը անտառահատների բողոքի ակցիան ոստիկանական ուժերով ճնշելն ու տասնյակ քաղաքացիների ձերբակալությունն էր։ Իշխանությունները հասկացել են այս վտանգը և ընտրություններից առաջ, ըստ մամուլի հրապարակումների, արդեն իսկ ազատ են արձակել բոլոր կալանավորվածներին, բայց միայն սա բավարար չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քավորը դառնա քաղաքապետ։
«Ախպոր բալա» Սիփան Փաշինյանը հետ է մնում Ազգային Ժողովի աշխատանքներից, փոխարենը իրեն նվիրել է Իջևան քաղաքի խնդիրներին։ Ամեն նոր օր նա ազդարարում է նոր խնդրի լուծման մասին, որին նա հասնում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի քավոր Ղալումյանի հետ։
Փաշինյանների արածը Իջևանում շատ նման է ժամանակին ՀՀԿ-ականների կողմից ընտրություններից առաջ ասֆալտ փռելուն։ Ի դեպ, ասֆալտ փռելու այդ պրոցեսը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համարում էր ընտրակաշառք։ Ստացվում է, որ ՀՀԿ մեթոդը բավական արդյունավետ է և Փաշինյանները փոխառել են այն։



