Ազատության հրապարակում, երբ արդեն ավարտվել էր երթին հաջորդած փոքր հանրհավաքը, ոստիկանության աշխատակիցները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք արդեն պատրաստվում էին տուն գնալ:
Ազատության հրապարակում գտնվողն ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողներին ասաց. «Այս իշխանությունն արդեն ցնդաբանության կանխավարկածով է առաջնորդվում»: Այդ պահին ինչ-որ երիտասարդ ագրեսիվորեն մոտեցավ Իվետա Տոնոյանին՝ ասելով. «Ով է այստեղ միտինգ անում, դո՞ւ ես անում»: Տոնոյանը ստիպված էր դիմել ոստիկաններին՝ «իմ անվտանգությունն ապահովեք, պարոն ոստիկան: Սադրիչներին ու պատգամավորներին սպառնացողներին բերման ենթարկեք»:
Ոստիկանները հեռացրին այդ երիտասարդին, ավելի ուշ ասացին, որ նա բերման է ենթարկվել:
Իվետա Տոնոյանը դիմեց ոստիկանության աշխատակցին. «Ավարտել էինք, ցրվում էինք, ինչի՞ համար սկսեցիք մարդկանց բերման ենթարկել»: Նա նաեւ տեղեկացրեց, որ իր վրա հարձակվողները ալկոհոլի ազդեցության տակ էին:



