Շարունակվող հարձակումների ֆոնին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել ապահովել լիբանանյան բժշկական հաստատությունների, անձնակազմի, պացիենտների և շտապօգնության մեքենաների անվտանգությունը։
Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ ապրիլի 12-ին և 14-ին հասցված հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է երկրի հարավում գտնվող խոշորագույն վնասվածքաբանական կենտրոններից մեկը՝ Թեբնինի պետական հիվանդանոցը։ Վիրավորվել է առնվազն 11 բուժաշխատող, ավերվել է շտապօգնության բաժանմունքը, շարքից դուրս են եկել դեղատան ու ամբուլատոր ստորաբաժանումների սարքավորումները։
Գեբրեյեսուսը նշել է, որ մարտական գործողությունների վերսկսումից ի վեր առողջապահական օբյեկտների թիրախավորման 133 դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով զոհվել է 88, վիրավորվել՝ 206 մարդ։ Ըստ նրա տվյալների՝ վնասվել է 15 հիվանդանոց և առաջնային բուժօգնության 7 կենտրոն, իսկ մի շարք այլ բժշկական հաստատություններ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։
ԱՀԿ ղեկավարը նաև պահանջել է Լիբանանի ողջ տարածքում ապահովել մարդասիրական օգնության անխափան ու անվտանգ մուտքը, որպեսզի հնարավոր լինի բժշկական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տուժածներին։



