ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պնդում է, ոչ թե հայկական, այլ թուրքական կողմը պետք է հաստատի կամ հերքի Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի մասին հրապարակման իսկությունը:
«Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի և, անկեղծ ասած, որևէ արձագանք իրենցից չենք լսել: Կարիք չկա երևի ասելու, որ հարցը պարունակում է լուրջ մտահոգություն», - ասաց Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շվեդական կայքի կողմից 2016 թ. գաղտնի նյութեր հրապարակելուն:
Նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների առանց նախապայմանների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում.
«Երկրորդ կողմի քաղաքականությունն աշխատում է այլ տրամաբանությամբ: Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և հռետորաբանությամբ», - ավելացրեց նախարարը:
Ավելի վաղ շվեդական «Nordic Monitor» կայքը 2016 թ.-ից գաղտնի նյութեր էր հրապարակել, որոնցում անդրադարձ կար Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերին: Մասնավորապես, նախատեսվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին, իսկ գործողությունը հաստատվել էր 2001թ.-ին:



