Աֆղանստանը և Պակիստանը շարունակում են սահմանա...

Աֆղանստանը և Պակիստանը շարունակում են սահմանային բախումները։ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում բազմաթիվ պայթյուններ և հրաձգության ձայներ են լսվել։ Այս մասին հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով տեղում գտնվող AFP-ի թղթակիցներին։

Քաբուլից բացի, պայթյուններ են լսվել նաև Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանի ուժերի դեմ մարտերը դեռ շարունակվում են։

Տորկամ քաղաքի բնակիչներն էլ հայտնել են, որ մարտերը մի քանի օր է՝ չեն դադարում։

Վերջին օրերին բախումների հետևանքով, ըստ France 24-ի, երկու կողմից զոհվել է ավելի քան 70 մարդ։

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ Պակիստանի հետ լարվածության սրման ընթացքում փետրվարի 26-ից Աֆղանստանում առնվազն 42 քաղաքացիական անձ է զոհվել, 104-ը՝ վիրավորվել։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները։