
Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ի կառավարությունը երկրի համալսարաններում արգելել է կանանց կողմից գրված գրքերով ուսուցումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ արգելվել է նաև մարդու իրավունքների և սեռական ոտնձգությունների հետ կապված առարկաների դասավանդումը։
Կանանց հեղինակած շուրջ 140 գիրք, որոնց թվում է, օրինակ, «Անվտանգությունը քիմիական լաբորատորիայում» վերնագրով գիրքը, հայտնվել է այն 680 գրքերի շարքում, որոնք համարվել են «մտահոգիչ», քանի որ այնտեղ արտահայտված մտքերը «դեմ են շարիաթին և թալիբների քաղաքականությանը»։
Բացի այդ, համալսարաններին ասվել է, որ իրենց այլևս թույլատրված չէ դասավանդել 18 առարկա, քանի որ, թալիբների պաշտոնյաներից մեկի խոսքով, դրանք «հակասում են շարիաթի սկզբունքներին և համակարգի քաղաքականությանը»։
Օրերս «Թալիբան»-ի գերագույն առաջնորդի հրամանով Աֆղանստանի առնվազն 10 նահանգներում արգելվել է օպտիկամանրաթելային ինտերնետը. պաշտոնյաների խոսքով՝ այդ քայլը ձեռնարկվել է անբարոյականությունը կանխելու նպատակով։
BBC-ն նշում է, որ չնայած այս կանոններն ազդեցություն են ունեցել կյանքի բազմաթիվ ասպեկտների վրա, սակայն հատկապես տուժել են կանայք և աղջիկները. նրանց արգելվում է կրթություն ստանալ վեցերորդ դասարանից հետո, իսկ ուսուցումը շարունակելու նրանց վերջին հնարավորություններից մեկը՝ մանկաբարձության դասընթացները, փակվել են 2024 թվականի վերջին։
«Թալիբան»-ն Աֆղանստանում իշխանության է վերադարձել 4 տարի առաջ՝ 2021 թ. օգոստոսին, տապալելով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող իսլամական հանրապետությունը։ Նրանց վերադարձից հետո ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերը դուրս են եկել Աֆղանստանից։