Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Այս մասին Ստամբուլում Միջխորհրդարանական միության նիստի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է Agos-ը:
Հարցին՝ «Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ակնհայտ խնդիրներ չկան: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիայի կողմից նոր քայլ չկա: Ինչի՞ն է սպասում Անկարան: Հնարավո՞ր է՝ սպասում է հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներին», Սիմոնյանը պատասխանել է հետևյալը.
«Անկեղծ ասած, ես հստակ չգիտեմ, թե ինչի էին սպասում: Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել: Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Դրանից հետո առաջ քաշեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Մենք բանակցել ենք պայմանագրի շուրջ. դա դժվար և երկարատև գործընթաց էր, բայց մենք համաձայնության ենք եկել 17 կետերի շուրջ, հանդիպել ենք այն ստորագրելու համար, ձեռք սեղմել, բայց դեռևս չստացվեց:
Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է գործընթացին՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը: Որովհետև, մի կողմից, նա բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս Թուրքիային բանակցել մեզ հետ: Սա տարօրինակ իրավիճակ է: Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի:
Մենք Ադրբեջանի հետ լուծելու շատ հարցեր ունենք: Մեր առաջնահերթությունների շարքում է այնտեղ դեռևս պահվող 19 ղարաբաղցիների, ինչպես նաև հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Հույս ունենք, որ այս հարցը ժամանակի խնդիր կդառնա:
Հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Երկու կողմից էլ ամեն ինչ արված է: Երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք էլ ասելու շատ բան չունեն. վիճելի հարցեր չկան: Կրկնում եմ՝ սա գալիս է լոբբինգից: Թուրքիան այս ազդեցության գերին է»,- ասել է Սիմոնյանը:



