Ադրբեջանը «Եվրանեսթ»-ին չմասնակցելը չի կապում...

Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը Երևանում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Եվրանեսթ»-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։

«Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի այս նիստին: Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերն ու հռչակագրերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ընդհակառակը, դրանք ծառայում են այն ուժերի շահերին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ», - պարզաբանել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս բողոք է արտահայտել այդ առիթով, և Եվրախորհրդարանի կողմից Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումից հետո վերջերս արված «ոչ կառուցողական հայտարարությունը» լիովին խաթարել է Բաքվի վստահությունը «Եվրանեսթ»-ի շրջանակում համագործակցության նկատմամբ:

APA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Միրկիշիլին ընդգծել է, որ նիստին չմասնակցելու որոշումը կապված չէ Հայաստանում դրա անցկացման հետ:

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատվել, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար», - հավելել է նա:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել էր «Եվրանեսթ»-ի երևանյան նիստից՝ պատճառաբանելով Եվրախորհրդարանի որոշ անդամների կողմնակալ դիրքորոշումը և ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը։