Ադրբեջանին գերի հանձնվել ու դառնալ հերոս կամ...

Պատերազմում արձանագրած պարտությունը մեծ հարված էր Հայաստանին և հայ հանրությանը։ Սովորաբար ճգնաժամային նման իրավիճակները ստիպում են հանրություններին մեկտեղել իրենց ուժերը, ճիգ գործել և լուծումներ գտնել։ Հաճախ նման ծանրագույն իրավիճակները բերում են նրան, որ համախմբված հանրությունը ֆանտաստիկ հաջողություններ է արձանագրում և պետությունները առաջընթաց են ապրում։ Այս իմաստով լավագույն օրինակները Գերմանիան և Ճապոնիան են, ովքեր երկրորդ աշխարահամարտում խայտառակ և ջախջախիչ պարտություն կրելուց հետո կարողացան հզոր պետություններ ստեղծել, որոնք այսօր աշխարհի առաջատար պետությունների շարքերում են։

Նոյեմբերի 9-ից հետո թվում էր, թե Հայաստանն էլ նման շանս ունի ու կարծես նախադրյալներ կային կարծելու, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում, բայց կարճ ժամանակ անց ակնառու դարձավ, որ մենք շատ մեծ փոսի մեջ ենք և մեր ամբողջ ջանքերը ոչ թե այդ փոսից դուրս գալուն են ուղղված, այլ ապացուցելու, որ մենք առավել խորհը և գարշելի փոսում կարող ենք հայտնվել։ Իշխանական պրոպագանդան էլ ամեն բան արեց, որ Հայաստանի հանրությունը մեծ արագությամբ ինքնաոչնչացման ճանապարհը բռնի։

Սկզբում հանրության մի հատված փութաջանորեն սկսկեց համոզել, որ Արցախն ու շրջակա տարածքները հայկական պատմական հողեր չէին, որ Շուշին հայկական չէր և որ հայ ազատամարտիկներն էին օկուպացրել այն, իսկ հիմա «իրական տերերը» հետ են վերադարձրել այն։ Հետո երբ թշնամին մտավ  Սյունիք հանրությունը սկսեց դա արդարացնել և պնդել, որ որևէ աննորմալ բան չկա այդտեղ ու պետք է համակերպվել։ Այս ամենի թագ ու պսակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն էր այն մասին, որ չարժի Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել։ 

Ի վերջո հասանք նրան, որ իշխանական պրոպագանդան և հանրության մի հատվածը սկսկես հերոսացնել իրենց դիրքերում գերի հանձնված զինվորականներին։ Ու եթե ամբողջ աշխարհում հակառակորդին գերի ահնձնված զինվորականների ինքնությունը գաղտնի են պահում, որպեսզի հանրության կողմից չթիրախավորվեն նրանք, ապա Հայաստանում հպարտությամբ սկսկեցին խոսել գերի ընկելու մասին, ավելի կշտամբում էին Արցախի հայերին գերի չընկնելու համար։ Բանը հասավ նրան, որ գերիներին սկսկեցին դիմավորել որպես հերոսների, փառաբանել նրանց։

Իրավիճակն այնքան աբսուրդային է Հայաստանում, որ գերիներին (օրինակ՝ Էրիկ Խաչատրյանին) իրենց դպրոցներում ուսուցիչները հատուկ միջոցառմամբ են դիմավորում և անվանում հերոսներ։ Այսինքն մատաղ սերունդ դաստիարակող մարդկանց պատկերացումներում խեղված է հերոս հասկացությունը։ Մարդիկ պատրաստվում են գերու օրինակով սերունդներ դաստիարակել։

Այս ամենը ի վերջո բերելու է նրան, որ ապագայում բանակ ունենալու հույսերն են անգամ հօդս ցնդելու։  Ի վերջո հնարավոր չի լինի նման հանրության պայմաններում զինծառայողին համոզել, որ նա պետք է պատրաստ լինի կյանքը անգամ զոհել հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն իր մարտական առաջադրանքի կատարման։ Մարդիկ տեսնում են, որ կարելի է վճռական պահի գերի հանձնվել, հետո որպես հերոս վերադառնալ հայրենիք։ 

Հ․Գ․ Այս ամենի թիրախն իհարկե գերիները չեն։ Նրանք տառապանքներ են ունեցել ու պետությունը պետք է հոգատար լինի նրանց նկատմամբ, բայց հոգատարությունն ու գերիներին հերոսացնելը, այդ ճանապարահով բանակը քանդելը լրիվ տարբեր խնդիրներ են։ Այստեղ կարևոր է, որ խոհեմ լինեն նաև գերի ընկածներն ու իրենց հարազատները՝ նրանք պետք է գիտակցեն, որ վնասում են պետությանը, երբ իրենց հարազատի գերի լինելը ներկայացնում են, որպես հերոսություն ու երբ քննադատության են արժանանում կամ թիրախավորվում են, ապա թող չզարմանան ու չբարկանան։