Նոյեմբերի 5-ին Վիեննայում, #ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան #Արցախի և #Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։
Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին տեղեկացնելով հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, մասնավորապես Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում նշեց․
Ադրբեջանի այդ հարձակումները բացահայտ վկայում են, որ այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը մտադիր է առավելագույն վնաս հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին, յուրաքանչյուր հերթական հարձակումից հետո անամոթաբար խոսելով “խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի” մասին։
Դեսպան Պապիկյանն առանձնահատուկ անդրադարձավ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման փաստին, նշելով որ միջազգային իրավունքի համաձայն դրա կիրառումը քաղաքացիական բնակավայրերում համարվում է ռազմական հանցագործություն։ Այս առումով նշվեց նաև, որ Հայաստանն արդեն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Նշվեց նաև, որ այդ զինատեսակը բացասական ազդեցություն ունի նաև բնապահպանության համար, ինչի վկայությունն է արդեն երեք օրից ավել այրվող անտառները։
Ադրբեջանական սոցիալական հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայերի հանդեպ ատելության խոսքը և այլատյացությունը աննախադեպ աստիճանի է հասել և արտահայտվում է ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, մշակութային և գիտական գործիչների, սպորտի ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Այս առումով նշվեց “Քարաբաք” ֆուտբոլի ակումբի լրատվության հետ կապերի պատասխանատուի օրինակը, որին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիան զրկել է ֆուտբոլի ետ կապված որևէ գործունեություն իրականացնելուց։
Հետևաբար Թուրքիան, որը ռազմական գործողություններում ուղղակի իր ներգրավմամբ ավելի շատ հակամարտության կողմ է, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում։
Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, իր ներդրումն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում։ Հայկական կողմը նախազգուշացնում էր որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը Հարավային Կովկաս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հետևաբար, ակնհայտ է, որ ահաբեկչության վերացմանն ուղղված ջանքերը պետք է ավելացվեն՝ հատուկ ուշադրությունն դարձնելով ահաբեկչական և ջիհադիստական խմբերի ֆինանսավորումը դադարեցնելու և դրանց աջակիցներին կանգնեցնելու խնդրին։ Այս համատեքստում նշվեց, որ Թուրքիան, ահաբեկիչներին և ջիհադիստներին վարձելով, աջակցում է ահաբեկչությանը։
Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրացման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի միջազգային ճանաչումը միայն կարող է ապահովել քաղաքական և իրավական միջավայրը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և նրա անքակտելի իրավունքները պաշտպանելու համար։ Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին դիտարկել այս խնդիրը՝ պատերազմի բոլոր աղետալի հետևանքների համատեքստում։



