ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին:
Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:
Ծանոթագրություն կցված քարտեզների.
Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից: 2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:
2022թ. մարտի 29-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն