Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և Հայաստանի ԱԱԾ-ում այդ նախագծի պահպանության համար ստեղծված ստորաբաժանման հարցին։
Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Երևանի նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին քննարկվող եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի աշխատանքներին, որոնք տարվում են փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։
Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Արդեն իսկ 12 նիստ է անցկացվել։ Ահռելի աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանի լոգիստիկ ենթակառուցվածքների գնահատման, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների օպտիմալ տարբերակների ընտրության համար։
Ցավոք, վերջակետ չենք կարողանում դնել․ ինչ–որ մեկի քաղաքական կամքը չի բավարարում դա անել, և դա մենք չենք։
Պատրաստ ենք եռակողմ համաձայնությունների շրջանակում կատարել մեր պարտավորությունները, որտեղ հստակ նշված են ՌԴ պարտականությունները։ Պատասխանելով Հայաստանի ԱԱԾ-ում ստեղծված միավորի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ, ըստ եռակողմ համաձայնությունների, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը»։