
Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«37 տարի առաջ այս օրերին` փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց, որն իր ծավալով, բնույթով և նպատակներով ամբողջովին արտացոլում էր ցեղասպանություն տերմինը:
Բանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի միջոցով բանդաներ էին ձևավորվել, որոնց տրվել էր Սումգայիթում ապրող հայերի հասցեները և կազմակերպված խմբերն ուղղորդվում էին հայկական թաղամաս ու, առհասարակ, այնտեղ, որտեղ հայեր էին բնակվում:
Հանցավոր խմբերին նախապես մետաղաձողերի էին բաժանել, շատերը եղել էին զինված, որոշները` խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ:
Մի քանի օր շարունակ, տարբեր վայրերում մեծաթիվ հայեր սպանվեցին, ողջակիզվեցին, վիրավորվեցին, դաժան բռնությունների ենթարկվեցին, բռնաբարվեցին:
Ոչնչացվեցին հայերին պատկանող գույքը` բնակարանների, հասարական նշանակության օբյեկտների և այլ ձևով. մինչև 20 հզ հայ բռնի տեղահանվեց:
Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով, իսկ սրանց զսպելը բացառապես ուժեղ, զարգացող և մրցունակ պետության կառուցումն է»,-գրել է նա։