Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց...

Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձեն

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է պատմել հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած հերթական միջադեպից։

Խնածախում ադրբեջանցի սահմանապահների տարած կովերին հաջողվել է վերադարձնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Առավոտյան 6-7 կողմերը զանգ եմ ստացել, որ ադրբեջանցի սահմանապահները անասուններից 3-ին քշել-տարել են։ Զանգեցի մեր բանակային կորպուսի հրամանատարին, հետո կապ հաստատեցինք ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, 2.5 ժամվա բանակցությունների արդյունքում անասուններին հետ ենք բերել»,- ասաց նա։

Միջադեպի պահին հովվի հետ արոտավայրում է եղել նաև նրա 13-ամյա որդին, որը, ըստ գյուղապետի, գնացել էր հորն օգնելու։ Ադրբեջանցի սահմանապահները նկատել են, որ անասուններից 3-ն անցել են իրենց տարածք, անմիաջապես տարել են։ Շադունցի խոսքով` զենք չեն գործածել, տղան էլ չի վախեցել։

«Անասունների աջ կողմից հայրն է քայլել, ձախից` 13-ամյա տղան։ Տղայի կողմից գնացող կովերից 3-ը մի 3-4 մետր անցել են դեպի ադրբեջանցիների կողմը, նրանք էլ սուսուփուս քշել են, տարել։ Զենք չի ուղղվել երեխայի ուղղությամբ»,- նշեց Շադունցը։

Կեսօրին ևս մեկ միջադեպ է գրանցվել. Տեղ համայնքի ղեկավարն ասում է`այս անգամ ադրբեջանցիները չեն թողել, որ գյուղացիները ցորենի արտերը հնձեն, վերջիններս էլ թողել-հեռացել են։