Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայա...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնին:
Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են
եկել հայտարարություններով:
Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում
հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին:
Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնառությունից ի վեր, մենք
վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի
համար շատ կարևոր պահին:
Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի
վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով
իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ
Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է
բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:
Ուզում եմ առանձնապես ընդգծել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային ժառանգության
պաշտպանության անհրաժեշտությունը, որն անպայման պետք է պահպանվի: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու
դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև:
Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել
էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես
բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն

Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել
երկխոսության հաստատման հարցում:      
Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև
մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են Հայաստանի
բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը:
Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը,
որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած
զինվորների որոնողական աշխատանքներով:
Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին, հստակեցրել ենք որոշակի
բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու
շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ
հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին:
Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան
հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի:
Շնորհակալություն և ևս մեկ անգամ բարի գալուստ»:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել,
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար: Եվ այսօր ինչպես նշեցիք՝ շատ լայն օրակարգ ունենք
քննարկելու: Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված
Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք
միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ
Երևանում, պարոն նախագահ:
Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհեալ հարաբերություններ և շատ կարևոր է արձանագրել, որ այս
ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի
անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր
տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել
ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ
հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները
հաղթահարելու առումով:
Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և
չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային
ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Շատ ուրախ եմ, որ
պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով ըստ էության,
արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավելու և վերականգնելու Լեռնային
Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները:
Իհարկե այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային
այս ընթացքում ցուցաբերած նաև մարդասիրական աջակցության համար, բայց մենք ընդգծում ենք Ֆրանսիայի
տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային,
էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ուրախ եմ

արձանագրել, որ Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ
ծրագրերում ներգրավվածությամբ:
Շատ կարևոր եմ համարում նաև Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական նախանձախնդրությունը մեր
տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային
Ղարաբաղում:
Եվ իհարկե,  այս բոլոր ուղղություններով շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը և
Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը շահագրգրված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ
որ, կրկին եմ ասում, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն
և ներգրավվածություն` տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և երկարատև կայունության ապահովման
գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը պահպանվում է:
Կրկին անգամ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել, շատ ուրախ եմ նաև անձնական առումով այսպիսի շփման
հնարավորություն ունենալու համար և համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումները կծառայեն ի շահ մեր երկրների
բարեկամության ու մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության: Այդ գործում Ձեր դերն իսկապես
չափազանց կարևոր է»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը բանակցությունները շարունակել են առանձնազրույցի
շրջանակում` քննարկելով ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերը, տնտեսության
ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացոումները,
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը,
հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները: