«Թագաժառանգը եկել էր ներդրում կատարելու, քաղա...
  1. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով դիտարկմանը, թե Ծառուկյանը բազմիցս ասել է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություններ ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում՝ ասաց.

«Քանի որ հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-ասաց Ծառուկյանը:

Նա  նշեց, թե Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ հարցով պետք է դիմել քաղաքապետին և ճարտարապետին:

«Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ իր գնահատականը տա,  ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: